«Մշակութային մարդաբանական հետազոտական մեթոդներ». դասընթաց ԺԱԻ-ում
Սոցիալական և հումանիտար գիտությունները ձևավորվել են հասարակական կյանքի արդիականացման գործընթացներում՝ հետագայում զարգանալով այդ արդիականացումը գիտականորեն կազմակերպելու ու կառավարելու հրամայականի ներքո: Այսօր անհնար է մարդկության կյանքը պատկերացնել առանց այդ ոլորտներում կատարվող ուսումնասիրությունների։ Իսկ սրանք, հատկապես վերջին տասնամյակներին, նաև արվեստի հետ կապված գիտությունների ու արվեստային պրակտիկաների հետ են սերտորեն շաղկապվել: Ուրեմն` ինչպե՞ս կարելի է գիտականորեն մոտենալ սոցիալական իրականությանը, մեր ամենօրյա կյանքին, որին նաև արվեստն է մաս կազմում, ի՞նչ սկզբունքներով ու մեթոդներով: Ինչպե՞ս վերլուծել ստացված տվյալները և այլն:
Շարունակելով Հումանիտար և սոցիալական ուսումնասիրությունների մեթոդաբանություն դասընթացը, ԺԱԻ-ն հրավիրում է գրանցվելու նրա երկրորդ թեմային նվիրված դասախոսությունների շարքին։ 8 դասախոսությունից բաղկացած ենթադասընթացի խորագիրն է՝
«Մշակութային մարդաբանական հետազոտական մեթոդներ»
Մշակութային մարդաբանությունը սովորողին ներկայացնում է մշակույթի հնարավորինս ամբողջական ուսումնասիրության մոտեցում:Դասընթացի ընթացքում կուսումնասիրեն մշակութային մարդաբանության և ազգագրության որոշ մեթոդաբանական գործիքներ և կդիտարկվեն, թե ինչպես է մեթոդոլոգիան ազդում հետազոտության գործընթացի, միաժամանակ ստացված արդյունքի վրա: Ցուցադրվելիք մասնագիտական տեսանյութերը կգան դյուրացնելու քննարկվելիք հարցերը։
Դասընթացի նպատակն է ունկնդրին ծանոթացնել հետազոտական նյութի՝ հատկապես դաշտային աշխատանքների ընթացքում որոնվող նյութի հավաքման գործիքակազմին և մեթոդներին, դասակարգման սկզբունքներին և վերլուծության մեթոդաբանության հետ: Դասընթացը նախատեսված է ինչպես հումանիտար գիտակարգերում ու մասնավորապես մշակութային մարդաբանության ասպարեզում, այնպես էլ արվեստի հետ կապված գիտակարգերի ու արվեստային պրակտիկաների ոլորտներում ուսումնասիրություններ սկսած (կամ սկսելու մտադրություն ունեցող) անձանց, անկախ հանգամանքից դիմորդն ասպիրանտ է, հայցորդ, թե հաստատութենական շրջանակներից դուրս գտնվող մեկ ուրիշը։
Դասընթացի թեմաների շրջանակում ստացված գիտելիքի և փորձառության արդյունքում ունկնդիրը
- Տեղյակ կլինի, թե ինչպես պլանավորել և անցկացնել հետազոտությունը, ինչպես են այն սկսում՝ «մուտք դաշտ»/հետազոտության միջավայր
- Կիմանա, թե ինչպե՞ս և ի՞նչ հետազոտական մեթոդներ են ընտրվում պայմանավորված հետազոտության միջավայրի նրբություններով, հետազոտողի անհատականությամբ, և ինչո՞ւ հենց այդ մեթոդները, ի՞նչ անել, եթե հետազոտությունը «չի ստացվում» կամ առաջացել են խոչընդոտներ։
- Գործնականում կսովորի անցկացնել հարցազրույց, ինչպես են նաև կփորձի կատարել օրագրային նշումներ։
- Կսովորի մանրամասն դիտարկել մարդաբանական տեսանկյունից արժեք համարվող երևույթները, առարկաները, փաստաթղթերը և պատմությունները։
- Կտեղեկանա, թե ինչպես են օգտագործում նյութի գրանցման տեսողական։ տեխնիկական հարմարանքները (ձայնագրիչ, լուսանկարչական սարք, տեսախցիկ,)
- Կտեղեկանա, թե ինչպես են խմբավորում հավաքված նյութը, վերլուծում և ամփոփում։
- Կկարողանա վերլուծել հավաքած ազգագրական նյութի տվյալները և փորձել մեկնաբանել դրանցում առկա միտումները:
- Տեղյակ կլինի դասավանդվող մեթոդների էթիկական սկզբունքներին և ընդհանուր մարդաբանական հետազոտության էթիկային:
- Կկարողանա բացահայտել մշակույթի, մարդկանց, միջավայրերի և երևույթների նրբությունները, օրինաչափությունները և բարձրացնել իր միջմշակութային զգայունակությունը:
ԵՊՀ - ում փիլիսոփայություն դասավանդող Նաիրա Մկրտչյանի ձեռամբ կազմված ամբողջական դասընթացի այս մասը մշակել և դասախոսությունների տեսքով կմատուցի մշակութային մարդաբան Համլետ Մելքումյանը։
Գրանցման կարգը և պայմանները
Ունկնդիրների գրանցումը տեղի է ունենում նախապես և հաստատվում է նշված հաշվեհամարին վարձավճարը փոխանցելու պահից։ Դասընթացի ողջ փաթեթի գինն 24 000 ՀՀԴ։ Նրանց համար, ովքեր կցանկանային ունկնդրել առաձին մի դասախոսություն, կարող են վճարել կանխիկ, դասախոսության օրը՝ տեղում։ Յուրաքանչյուր առանձին մի դասախոսեւթյուն ունկնդրելու գինը կազմում է 5000 ՀՀԴ։
Դիմելու վերջնաժամկետն է մարտի 6-ը։
Դիմել՝ այստեղ
Դասընթացավարի համառոտ կենսագրությունը
Համլետ Մելքումյանը մշակութաբան է, պատմական գիտությունների թեկնածու։ Դասախոսում է Երևանի պետական համալսարանի Մշակութաբանության բաժնում։ Աշխատում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժնում որպես գիտաշխատող։ 2018-19 թվականներին ավարտել է ՄԱԿ «Ծրագրի կառավարում հանուն կայուն զարգացման» միջազգային դպրոցը։ «Մշակույթը հանուն կայուն զարգացման» հասարակական կազմակերպության համահիմնադիր է, Ֆրանկֆուրտի Ֆրոբենիուսի անվան համալսարանի Մշակութային մարդաբանության բաժնի կողմից հրատարակվող միջազգային «Working Paper Series on Informal Markets» գիտական շարքի համախմբագիրը։ Մշակությաին մարդաբանության ասպարեզում հետազոտական փորձառությունն սկսել է 2008ից Հայաստանում։ Աշխատել է տարբեր երկրներում ստեղծված միջազգային հետազոտական խմբերում։ Մասնագիտական հետաքրքրությունները և հրապարակումները վերաբերում են քաղաքի մարդաբանությանը, սոցիալական և կանաչ շարժումների ուսումնասիրության Հայաստանում, ոչ ֆորմալ տնտեսությունը և անցումային շուկաներ հետազոտական ուղղություններին և թեմաներին: Վերջին ակադեմիական հրապարակումները Հայաստանում և Վրաստանում հանրային տարածքների նկատմամբ ոչ ֆորմալ և պետական քաղաքականությունների մարդաբանական ուսումնասիրության մասին են: