2024թ․ սեպտեմբերի 28-ից 30–ը Իջևան համայնքում տեղի կունենա EU4Culture ցանցային փառատոնը. «Քաղաքային պատմություններ, բազմազան ձայներ»՝ «Հետքեր» խորագրով
ԵՄ կողմից ֆինանսավորվող EU4Culture ծրագիրը կհյուրընկալի «Քաղաքային պատմություններ, բազմազան ձայներ»՝ «Հետքեր» ցանցային փառատոնը 2024թ-ի սեպտեմբերի 28-30-ին։ Միջոցառումը տեղի կունենա Իջևան համայնքում։ Եռօրյա համայնքային փառատոնը նշում է EU4Culture քառամյա ծրագրի ավարտը:
Փառատոնը ընդգծում է EU4Culture-ի գործունեության ազդեցությունը Հայաստանի ոչ մայրաքաղաքային բնակավայրերի մշակութային և ստեղծարարության ոլորտների վրա: Ընդգրկելով տարբեր միջոցառումներ՝ փառատոնի տեղական և միջազգային ծրագրերը կներկայացնեն EU4Culture ծրագրի շահառուների, Հայաստանի տեղական արվեստագետների և ներկայացուցիչների գեղարվեստական ստեղծագործությունները և կատարումները, ինչպես նաև Վրաստանից հրավիրված արվեստագետներին:
Փառատոնի նպատակն է համախմբել Իջևանը և հարակից 18 համայնքները՝ նշանների տեղադրման միջոցով՝ որպես հաղորդակցության, մշակութային արտահայտման, գիտելիքի փոխանցման և մշակութային ինքնության միջոց: Երեք օրվա ընթացքում համայնքի 18 գյուղերից յուրաքանչյուրում տեղի կունենան կավից պատրաստված հուշատախտակների բացումներ՝ ուղեկցվող Իջևան, Չարենցավան և Սևան համայնքների ստեղծագործական խմբերի երգ ու պարի կատարումներով: Այս ցուցատախտակները ավելին են, քան զուտ ցուցանակներ. դրանք գեղարվեստական արտահայտություններ են, որոնք պատմում են մարդկանց և նրանց բնակավայրերի պատմությունները:
Փառատոնի միջազգային ծրագիրը տոնում է տարածքի բնությունը, պատմությունը և մշակութային ժառանգությունը: Միջոցառումները տեղի կունենան ամեն երեկո Իջևանի հանրային վայրերում։ Փառատոնի միջազգային ծրագրին կմասնակցեն չորս միջազգային ճանաչում ունեցող արվեստագետներ Վրաստանից և Հայաստանից: Տարբեր մեդիումներով (ձայնային արվեստ, կատարողական արվեստ, նոր մեդիա և ֆիլմերի ցուցադրություն) արվեստագետների այս միջամտությունները (ստեղծագործություններ կամ ներկայացումները) թողնում են հետքեր և նշաններ, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում տեղանքի վերաիմաստավորման համար:
Փառատոնի ընթացքում նաև կանցկացվի կլոր սեղան-քննարկում, որտեղ տեղական և միջազգային արվեստագետները կկիսվեն «Արվեստի ապագան համագործակցության մեջ է» թեմայի շուրջ իրենց մտքերով։
Փառատոնի բոլոր միջոցառումները հանրային են և անվճար:
Լրացուցիչ տեղեկություններ․
7,85 միլիոն եվրո բյուջեով EU4Culture-ը քառամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ աջակցելու մշակույթի և ստեղծարարության ոլորտներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևելյան գործընկերության երկրների ոչ մայրաքաղաքային բնակավայրերին: Ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի (առաջատար), Չեխական կենտրոնների, Դանիական մշակութային ինստիտուտի եւ Վրաստանում ֆրանսիական ինստիտուտի կողմից:
EU4Culture-ի աջակցությամբ Իջևան քաղաքը մշակել և իրականացնում է Մշակութային ռազմավարություն: Իջևանի քաղաքապետարանը սերտորեն համագործակցում է տեղական մշակութային և ստեղծարար ոլորտներին հետ՝ արդյունավետ ճանապարհային քարտեզ ստեղծելու համար, և EU4Culture փառատոնը նշում է համայնքի ձեռքբերումները: Փառատոնին մասնակցում են նաև ծրագրի մյուս երկու շահառու համայնքները՝ Սևանը և Չարենցավանը, որոնք ներկայացված են իրենց գեղարվեստական խմբերով։
EU4Culture ցանցային փառատոնը. «Քաղաքային պատմություններ, բազմազան ձայներ»՝ «Հետքեր» իրականացվում է Գյոթե ինստիտուտի կողմից՝ Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտի և Իջևանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։