Ընդունելության հայտարարություն


Ուրախ ենք ներկայացնելու Արվեստի քննադատության ու կուրատորական հետազոտությունների դպրոցի նոր կրթական ծրագիրը եւ  հրավիրում ենք սովորելու բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են արվեստի հետազոտական նախագծերի ու արվեստի քննադատության հարցերով։ Դիմորդները պետք է ունենան արվեստի եւ արվեստի պատմության կամ մշակույթի եւ հումանիտար մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, ազատորեն կարդան ու հասկանան անգլերեն։



Կրթական ծրագրի ընդհանուր նկարագրությունը

Արվեստի գործի ստեղծումն այսօր դժվար է պատկերացնել առանց հետազոտական հատվածի։ Ժամանակակից արվեստի համար հետազոտությունը կենսական գործողություն է։ Այդ աշխատանքը կատարվում է ոչ միային գործի ստեղծման, այլեւ հաճախ ներկայացման փուլում։ Դա երբեմն այլ բան չէ քան բուն հետազոտության ներկայացումը՝ իր առանձնահատուկ ցուցադրական տեսքով։

Մյուս կողմից ժամանակակից արվեստը դժվար է ընկալել առանց դրան համարժեք քննադատության։ Քննադատական մոտեցումը հանրային պատկերացումների մեջ հնարավորություն է ընձեռում տեղ տալ բոլոր այն նոր սահմանումներին, լեզուներին ու կոդերին, որոնցով արվեստագետները ներկայանում են իրենց յուրաքանչյուր նոր առաջարկում։

Բայց հետազոտությունը եւ քննադատությունը փոխկապակցված, հետեւաբար նաեւ փոխատեղվող գործողություններ են։ Այսօր արվեստը քննադատության ուժից օգտվում է նույնքան, եթե ոչ ավելի շատ, որքան բուն արվեստի քննդատությունը։ Մյուս կողմից արվեստի քննադատությունը դժվար է պատկերացնել ՝ առանց բուն ստեղծագործության եւ դրա համատեքստի քիչ թե շատ խորքային հետազոտության։


Կրթական ծրագրի կառուցածքը եւ բովանդակությունը 

Կրթական ծրագիրը բաղկացած է կրթական երեք մոդուլից եւ երկու արվեստանոցից. Ընդհանուր մասնագիտական առարկաների մոդուլ, Հատուկ մասնագիտական եւ մեթոդաբանական առարկաների մոդուլ, Ավարտական աշխատանքի մոդուլ, Հետազոտական նախագծի եւ քննադատական գրության արվեստանոցներ։


Կրթական ծրագրի աշխատանքային լեզուն

Կրթական ծրագրի լեզուն հայերենն է։ Կլինեն դասխոսություններ նաեւ անգլերեն ու ռուսերեն լեզուներով։ 


Ընդհանուր մասնագիտական առարկաների մոդուլ
15 մարտ-15 հունիս

Առաջին մոդուլում դասավանդվում են ընդհանուր մասնագիտական առարկաներ։ Պատմական ու տեսական բնույթի ընդհանուր մասնագիտական դասընթացները ապագա ուսանողներին թույլ կտան ծանոթանալ ժամանակակից արվեստի զարգացման միտումներին ինչպես փիլիոփայական մտքի ծավալման, այնպես էլ սոցիալական, քաղաքային եւ մեդիա համատեքստերում։



Մոդուլով նախատեսված դասընթացները

Ժամանակակից Արվեստի պատմություն (Աննա Գալստյան)
Հայաստանի ժամանակակից արվեստի պատմություն (Նազարեթ Կարոյան)
Քաղաքային ուսումնասիրություններ (Ռուբեն Արեւշատյան)
Մեդիա ուսումնասիրություններ (Հրաչ Բայադյան)
Արվեստ եւ սոցիալական իրականություն (Ժաննա Անդրեասյան)
Ժամանակակից փիլիսոփայություն եւ քննադատական տեսություններ (Նաիրա Մկրտչյան)


Հատուկ մասնագիտական եւ մեթոդաբանական առարկանների մոդուլ
15 սեպտեմբերի-15 նոյեմբեր

Այս մոդուլում կդասավանդվեն մեթոդաբանական բնույթի հատուկ մասնագիտական դասընթացներ, որոնք լույս կսփռեն արվեստի ընթացիկ գործընթացների, դիսկուրսների եւ պրակտիկաների վերլուծության, տարածքների եւ երեւույթների քարտեզագրման ձեւերի ու գործիքների վրա։ Առարկաները կդասավանդեն արտերկրից հրավիրված դասախոսները, ովքեր հանդես կգան թեմատիկ դասախոսությունների շարքերով։
Դասախոսների կազմը ճշգրտվում է։


Ավարտական աշխատանքի մոդուլ
15 փետրվար-15 մայիսի

Այս մոդուլում ուսումնական գործընթացը կկազմակերպվի արվեստանոցներում։ Արվեստանոցների ղեկավարների օգնությամբ ուսանողները կզարգացնեն ու կամփոփեն իրենց ավարտական աշխատանքը:  


Արվեստանոցներ

Երկու՝ Հետազոտական նախագծի եւ Քննադատական գրության արվեստանոցները կգործեն ընդհանուր եւ հատուկ մասնագիտական դասընթացների մոդուլներին զուգահեռ, իսկ ավարտական մոդուլի ընթացքում կվերածվեն աշխատարանների։

Հետազոտական ստեղծագործության արվեստանոցի (ղեկ. Ռուբեն Արեւշատյան) ուսանողները կսովորեն գտնել հետազոտության թեման, պլանավորել հետազոտական աշխատանքը, մշակել դրա մեթոդաբանությունը եւ գործն ավարտելու եւ մարմնավորելու համապատասխան մեդիան։ Արվեստանոց կհրավիրվեն եւ սեմինարեր կանցկացնեն ներկայացուցիչներ արվեստի միջազգային դաշտից՝ արվեստագետներ, տեսաբաններ, համադրողներ:

Քննադատական գրության արվեստանոցի (ղեկ. Նազարեթ Կարոյան) ուսանողները ձեռք կբերեն քննադատական մտածելակերպով զուգորդվող գրավոր հմտություններ, որոնք անհաժեշտ են ամենատարբեր տեղերի եւ դեպքերի (կատալոգների, մամուլի հաղորդագրությունների, արվեստի ցուցահանդեսի մասին քննադատական ակնարկների եւ անդրադարձների) համար, կսովորեն, թե ինչպես ձեւակերպել գաղափարը, որ այն լինի հստակ, ինչպես վերլուծել եւ գնահատել արվեստը, որ այն լինի խոհեմ եւ իմաստալից։



Դիմելու համար լրացնել գրանցման թերթիկը։

Մոտիվացիոն նամակը, համառոտ էսսեն եւ CV- ն ուղղարկել այս հասցեով`  info@ica.am