Վարդաբլուր։ «Կոմիտաս․Հողը և երգը»
Նոր ակադեմիական տարին սկսվել է, բայց մեզ համար օգոստոսն էլ էր լեցուն ու աշխատանքային։ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղում ԺԱԻ–ն կյանքի է կոչում իր՝ ամենահեռանկարային և երկարաժամկետ ծրագրերից մեկը՝ «Կոմիտաս․ Հողը և երգը»։ Վարդաբլուր գյուղը, այն կարևոր կետն է, ուր տարբեր ժամանակ հատվել են Հովհաննես Թումանյանի, Զորավար Անդրանիկի և Կոմիտաս վարդապետի ճանապարհները։ Կոմիտասը հենց այստեղ է գրի առել իր՝ «Լոռվա գութաներգ» ժողովրդական գլուխգործոցը։Այս, բնական կավով հարուստ տարածաշրջանում դեռևս կես դար առաջ կար կղմինդրի արտադրամաս։ Հիմնվելով այս երկու ավանդույթների վրա 2021 թվականին ԺԱԻ–ն Գյուլագարակում ստեղծեց խեցեգործության արվեստանոց և համայնքային երգչախումբ։ Իսկ այս տարի, ծրագիրը փոքր դադարից հետո, կվերսկսվի արդեն Վարդաբլուրում, ուր այս պահին ԺԱԻ–ն վերանորոգում և կահավորում է գյուղապետարանի տրամադրած արվեստանոցային տարածքը։ Այստեղ շատ շուտով կավագործություն կսովորեն և երգչախմբում կերգեն համայնքի երիտասարդները։
Մշակելով և սկսելով «Կոմիտաս. հողը և երգը» համայնքային արվեստի նախագիծը Գյուլագարակի համայնքի Վարդաբլուր գյուղում, Ժամանակակից Արվեստի Ինստիտուտի նախագծային լաբորատորիան հետապնդում է հեռահար մի նպատակ. վերակենդանացնել Կոմիտասի անվան հետ կապված պատմությունը այն վայրում որտեղ նա գրառել է «Լոռվա գութաներգի» ամենահայտնի տարբերակը, և արվեստի կրթության և ժողովրդական ստեղծագործության օգնոթյամբ ծառայեցնել այդ լեգենդի վերակենդանացմանը, Վարդաբլուրի սոցիալական կյանքի էներգիայի արտադրությանն ու տնտեսության աշխուժացմանը։
Ինչպես Խորհրդային Հայաստանի տնտեսության արդյունաբերականացումը, այնպես էլ հետարդյունաբերական անկախ Հայաստանի տնտեսական դժվարություններով լեցուն տասնամյակները գյուղական բնակչության շրջանում ի չիք են դարձրել արհեստի և արվեստի ամեն տեսակ հակվածություն: Նախագիծը Գյուլագարակի խոշորացված համայնքի գյուղական բնակչությանը պիտի վերդարձնի իր մշակութային անցյալի այս շերտը, որը նաև համահունչ է համայնքների տնտեսական կարողությունները հզորացնելու, բնության ու պատմության հետ ներդաշնակություն ստեղծելու մերօրյա տեսլականներին: «Կոմիտաս. հողը և երգը» ծրագրի նպատակն է կավագործության դասընթացների և համայնքային երգչախմբային արվեստի վերականգնման միջոցով նոր շունչ հաղորդել Գյուլագարակ համայնքին, հատկապես Վարդաբլուր բնակավայրին: Նախագծի գաղափարն է երկու կավագործ/խեցեգործ արվեստագետների օգնությամբ ձևավորել տեղացի երիտասարդներից հավաքված մի խումբ ու ստեղծել խեցեգործական արվեստանոց։ Վարպետները երեք ամիսների ընթացքում շաբաթական կտրվածքով խմբի հետ կանցկացնեն պարապմունքներ: Նրանց կփոխանցեն կավի հետ աշխատելու հմտություններ, կիսելով իրենց փորձը և խթանելով նրանց մեջ ստեղծագործականություն: Մյուս կարևոր բաղադրիչն է Վարդաբլուրի Կոմիտաս երգչախմբի ստեղծումը։ Բանն այն է, որ Լոռվա Վարդաբլուր գյուղը հենց այն վայրն է, որտեղ Կոմիտաս Վարդապետը գրի է առել, և հետո հաճույքով ներկայացրել/ երգել է Լոռվա գութաներգը։ ԺԱԻ-ն նախատեսում է համայնքում հավաքել ու կազմավորել խառը (մեծահասակներ և փոքրահասակներ) երգչախումբ, ամիսը չորս անգամ աշխատել այդ երգչախմբի հետ՝ սովորեցնելով նրանց ժողովրդական երգերը: Ծրագրի ընթացքում և ավարտին կկազմակերպվի երգչախմբի հաշվետու համերգ համայնքի բնակիչների և հյուրերի համար: Խեցեգործական խմբի աշխատաքնքային պրոցեսը և վերջնական ցուցահանդեսի աշխատանքները, ինչպես նաև երգչախմբի պարապմունքներն ու համերգը կվավերացվեն ֆոտո/վիդեո ձևով այնպես, որ այդ նյութը հետագայում դառնա կարճ ֆիլմ: