«Հետազոտության նախագծում և մեթոդաբանություն»․նոր դասընթաց ԺԱԻ-ում

2023

Սոցիալական և հումանիտար գիտությունները ձևավորվել են հասարակական կյանքի արդիականացման գործընթացներում՝ հետագայում զարգանալով այդ արդիականացումը գիտականորեն կազմակերպելու ու կառավարելու հրամայականի ներքո: Այսօր անհնար է մարդկության կյանքը պատկերացնել առանց այդ ոլորտներում կատարվող  ուսումնասիրությունների։ Իսկ սրանք, հատկապես վերջին տասնամյակներին, նաև արվեստի հետ կապված գիտությունների ու արվեստային պրակտիկաների հետ են սերտորեն շաղկապվել: Ուրեմն` ինչպե՞ս կարելի է գիտականորեն մոտենալ սոցիալական իրականությանը, մեր ամենօրյա կյանքին, որին նաև արվեստն է մաս կազմում, ի՞նչ սկզբունքներով ու մեթոդներով: Ինչպե՞ս վերլուծել ստացված տվյալները և այլն:  

Հայտարարելով Հումանիտար և սոցիալական ուսումնասիրությունների մեթոդաբանություն դասընթացի մեկնարկի մասին, ԺԱԻ-ն հրավիրում է հետաքրքրվողներին գրանցվելու նրա առաջին թեմային շրջանակներում տեղի ունենալիք դասախոսությունների շարքին։ 8 դասախոսությունից բաղկացած ենթադասընթացի խորագիրն է՝ «Հետազոտության նախագծում և մեթոդաբանություն»։

Դասընթացի նպատակն է ունկնդրին ծանոթացնել սոցիալական և հումանիտար գիտություններում ձևավորված մոտեցումների, սկզբունքների ու մեթոդների հետ, տրամադրել տեսական և կիրառական գիտելիքներ սոցիալական հետազոտությունների նախագծման, պլանավորման, կազմակերպման և իրականացման վերաբերյալ: 

Դասընթացը նախատեսված է ինչպես վերոգրյալ, այնպես էլ արվեստի հետ կապված գիտակարգերի ու արվեստային պրակտիկաների ոլորտներում ուսումնասիրություններ սկսած (կամ սկսելու մտադրություն ունեցող) անձանց, անկախ հանգամանքից դիմորդն ասպիրանտ է, հայցորդ, թե հաստատութենական շրջանակներից դուրս գտնվող մեկ ուրիշը։ 

Դասընթացի ավարտին ունկնդիրը տեղյակ կլինի`

  • թե ինչպես են հետազոտությունը պլանավորում ու նախագծում, ինչպես են մշակում դրա իրականացման և կազմակերպման սկզբունքները,

  • ինչպես են ընտրում տվյալ հետազոտեւթյանը համապատասխան մեթոդաբանություն՝ համադրելով դրա նպատակից բխող մեթոդներ,

  • ինչպես են ներկայացնում հավաքագրված տեղեկատվության վերլուծության ռազմավարությունը։

ԵՊՀ - ում փիլիսոփայություն դասավանդող Նաիրա Մկրտչյանի կազմած ամբողջական դասընթացի այս մասը մշակել են և դասախոսությունների տեսքով կմատուցեն ԵՊՀ - ում դասավանդող հասարակագետներ Հարություն Վերմիշյանը և Սոնա Բալասանյանը։ 

Գրանցման կարգը և պայմանները

Դասընթացի ողջ փաթեթի գինն 24 000 ՀՀԴ։  Նրանց համար, ովքեր կցանկանային ունկնդրել առաձին մի դասախոսություն, կարող են վճարել կանխիկ, դասախոսության օրը՝ տեղում։ Յուրաքանչյուր առանձին մի դասախոսեւթյուն ունկնդրելու գինը կազմում է 5000 ՀՀԴ։ 

Դիմելու վերջնաժամկետն է դեկտեմբերի 20-ը։

Դիմել՝ այստեղ։

Դասախոսների համառոտ կենսագրությունները

Հարություն Վերմիշյանը սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է, ղեկավարում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնը: Հ. Վերմիշյանն ունի ավելի քան տասնհինգ տարվա հետազոտական և մանկավարժական աշխատանքների փորձ տեղական և միջազգային կազմակերպություններում: Նա մշակել է «Հետազոտական հմտություններ հասարակագետների համար» դասընթացը, որի շրջանակներում 2008 թվականից պարբերաբար իրականացվում են հասարակագետների վերապատրաստումներ: Դասավանդում է «Հետազոտության պլանավորում և մեթոդներ» և «Սոցիոլոգիական վերլուծություններ» մագիստրոսական և «Գիտական հետազոտության մեթոդաբանություն» ասպիրանտական դասընթացները: Հ. Վերմիշյանը տասնյակ գիտական հոդվածների, մենագրությունների և ուսումնական ձեռնարկի հեղինակ է:

Սոնա Բալասանյանը ՀՌԿԿ-Հայաստանի գործադիր տնօրենն է: Սոցիոլոգիայի մագիստրոսի (2009 թ.) եւ սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի (2012 թ.) աստիճանները ստացել է Երեւանի պետական համալսարանից (ԵՊՀ): Կրթության (հետազոտության նախագծում եւ մեթոդաբանություն) գծով մագիստրոսի երկրորդ աստիճանն ստացել է Օքսֆորդի (Անգլիա) համալսարանից: Անգլիայում անցել է պրակտիկա Օքսֆորդի ուսուցանման ինստիտուտում: 2022 թ.-ից հանդիսանում է Վիեննայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դոկտորանտ։ 2010 թ.-ից աշխատել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում՝ դասավանդելով մի շարք առարկաներ (այդ թվում՝ մեդիա տեքստերի վերլուծություն, գնահատող հետազոտությունների մեթոդաբանություն եւ խառը մեթոդներով հետազոտություն): Նա հեղինակել է չորսը գիրք, հոդվածներ, ակնարկներ եւ վերլուծական զեկույցներ:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՊԼԱՆ

 

  1. Հետազոտության պլանավորում և մեթոդներ

  2. Դասընթացի նպատակն է ունկնդրին ծանոթացնել սոցիալական և հումանիտար գիտություններում ձևավորված մոտեցումների, սկզբունքների ու մեթոդների հետ, տրամադրել տեսական և կիրառական գիտելիքներ սոցիալական հետազոտությունների նախագծման, պլանավորման, կազմակերպման և իրականացման վերաբերյալ:

  3. Դասընթացի ավարտին ուսանողն ունակ կլինի`

  • պլանավորել և նախագծել հետազոտություն, մշակել հետազոտության իրականացման և կազմակերպման սկզբունքները,

  • ընտրել համապատասխան հետազոտական մեթոդաբանություն՝ համադրելով հետազոտության նպատակից բխող մեթոդներ, 

  • ներկայացնել հավաքագրված տեղեկատվության վերլուծության ռազմավարությունը:

 

  1. Գրականություն

Թադևոսյան, Գ. (2006). Որակական սոցիակական հետազոտություն, տեսություն, մեթոդաբանություն և մեթոդ. Երևանի համալսարանի հրատարակչություն

Babbie, E., (2013). The Practice of Social Research. Thirteenth Edition, International Edition, Wadsworth, Cengage Learning.

Bryman, A., (2007). The Research Question in Social Research: What Is Its Role? International Journal of Social Research Methodology, N10.1, pp. 5-20.

Creswell J.W. Research Design: Qualitative, Quantitative, and Mixed Methods Approaches. 4th Edition. SAGE Publications; 2013

De Vaus, D. (2001). Research design in social research. Sage.

  1. Բովանդակությունը

Շաբաթ I

Թեմա՝ 

Սոցիալական իրականության գիտական ճանաչման սկզբնավորումը. հումանիտար և սոցիալական ուսումնասիրություններում ձևավորված հիմնական մոտեցումները

Նկարագրություն՝

hետազոտություն-իրականություն փոխհարաբերությունները; հետազոտող - հետազոտության օբյեկտ - հետազոտություն փոխհարաբերությունները; հետազոտության տարատեսակները; նոմոթեթիկ և իդեոգրաֆիկ գիտելիք; քանակական և որակական հարացույցեր; խառը մեթոդների հարացույց;

Շաբաթ II

Թեմա՝  

Հետազոտության նախագծում․ ընթացակարգեր և սկզբունքներ

Նկարագրություն՝

նախագիծ vs մեթոդ; հետազոտության տրամաբանական շղթա; կապերի տարատեսակները; հետազոտության ներքին և արտաքին վավերականություն; հետազոտական հարց; տեսության կառուցում և ստուգում; հետազոտական տրամաբանություններ; հետազոտության ծրագիր

Շաբաթ III

Թեմա՝ 

Գրասենյակային հետազոտություններ (Desk Research)

Նկարագրություն՝

դաշտային vs գրասենյակային հետազոտություններ; փաստաթղթերի տարատեսակները; առաջնային և երկրորդային տվյալներ; որակի գնահատում և հուսալիության սանդղակ; տվյալների երկրորդային վերլուծություն

Շաբաթ IV

Թեմա՝ 

Սոցիալական երևույթների չափելիություն, վերլուծական միավորների ընտրություն և ընտրանք

Նկարագրություն՝

Սոցիալական չափում; գաղափար սանդղակի մասին; պատահականություն; ներկայացուցչականություն; ընտրա՞նք, թե՞ դեպքի ընտրություն; պատահական ընտրանք vs ոչ պատահական ընտրանք

Շաբաթ V

V

Քանակական մեթոդներ և տվյալների վերլուծություն

տեղեկատվության հավաքագրման քանակական մեթոդներ; նորմալ բաշխում; վարիացիա; միջին թվաբանական, մոդա և մեդիանա; կոռելացիա և/կամ վիճակագրական կապ

VI

Փաստաթղթերի վերլուծություն և կոնտենտ անալիզ

փաստաթուղթ և տեքստ; ավանդական և կոնտենտ վերլուծություններ; կոնտենտ վերլուծության քանակական և որակական ասպեկտները; կոնտենտ վերլուծության ընթացակարգեր; կապը տեքստերի վերլուծության այլ մեթոդների հետ

VII

Որակական մեթոդներ. խորին հարցազրույց, փորձագիտական հարցազրույց

Քանակական vs որակական մեթոդներ; որակական տեղեկատվություն; հարցերի տեսակները որակական հարցազրույցներում; որակական հարցազրույցի տարատեսակները; որակական հարցազրույցի վարման ընթացակարգեր; գաղափար կոդի/կոդավորման մասին

VIII

Որակական մեթոդներ. Ֆոկուս-խմբային քննարկումներ

խմբային vs անհատական հարցազրույց; ֆոկուս խմբի մեթոդի նպատակը; ֆոկուս խմբի կառուցվածքը; ֆոկուս խմբային քննարկման ընթացակարգն ու առանձնահատկությունները