Բաց հրավեր Արտակարգ իրավիճակների դպրոց
Արտակարգ իրավիճակների դպրոցը՝ Երևանի Ժամանակակից Արվեստի Ինստիտուտում
Արտակարգ իրավիճակների բառարան
Մասնակցության բաց հրավեր
Հեշտ սովորելու և դժվար հետ սովորելու ժամանակը.
1-ին մոդուլ, նոյեմբերի 6-12-ը
Աշխատանքային ժամերը 14-00-ից մինչև երեկո։
Դասերից առաջ ճաշը տրամադրվում է ամեն օր, ժամը՝ 13-00-ին
2-րդ մոդուլ, դեկտեմբերի 4-16-ը
Դասացուցակը կհստակեցվի ավելի ուշ։
Նախագծի համադրողներ.
Ռուբեն Արևշատյան (ԺԱԻ), Նազարեթ Կարոյան (ԺԱԻ), Ազար Մահմուդյան (Թեհրան/Բեռլին) և Դմիտրի Վիլենսկի (Chto Delat International)
Դպրոցի մենթորներ՝ Նինա Գաստևա, Նիկոլայ Օլեյնիկով, Ցապլյա Օլգա Եգորովա և Ալեքսանդր Սկիդան ( Chto Delat International)
Հրավիրված դասախոսներ՝ Քեթի Չուխրով, Վիգեն Գալստյան, Ռենե Գաբրի և Այրին Անաստաս, Ռոժդա Թուղրուլ
Հրավիրում ենք մասնակցելու այս կրթական նախաձեռնությանը։
Աշխատանքային լեզուներ՝ անգլերեն, հայերեն, ռուսերեն և այլ լեզուների ներառումը ողջունելի է։
Այս կրթական նախագիծն իրականացվում է Ռոզա Լյուքսեմբուրգ հիմնադրամի, Chto Delat փոխօգնության հիմնադրամի և JHM հիմնադրամի կողմից հովանավորվող՝ Ժամանակակից Արվեստի Ինստիտուտի աջակցությամբ
Համատեքստ
Chto Delat International-ի նախաձեռնած Արտակարգ իրավիճակների դպրոցը արվեստագետների, գրողների, հետազոտողների և ակտիվիստների համար անդրբնագավառային և անդրտեղային դպրոց է, որը զբաղվում է աղետների և գոյատևման, արտակարգ իրավիճակների և հրաշքների, վերջին ժամանակների և նոր ազգակցությունների թեմաներով: Այս կրթական ծրագիրը մեկնարկել է ի պատասխան 2022 թվականին բռնկված ռուս-ուկրաինական լայնամասշտաբ պատերազմին և այն նաև վերաբերում է ծավալվող համընդգրկուն ճգնաժամին, որն իր ազդեցությունը թողնում մեր կյանքի բոլոր ոլորտների վրա:
Դպրոցը Երևանում անց է կացվում Հայաստանի և տարածաշրջանի համար դեռևս անհասկանալի հետևանքներով հղի՝ Արցախում տեղի ունեցող մարդասիրական աղետի հետնախորքին, ներկայիս ողբերգական պահին դառնալով հայ ժողովրդին ուղղված համերաշխության արտահայտություն։
Երևանի դպրոցը կկառուցվի հավաքական ուսուցման և արարման ինտեսիվ և կենսալից գործընթացի շուրջ: Բոլորը միասին՝ դպրոցի մասնակիցները, համադրողները, մենթորները և հրավիրված դասախոսները փնտրելու են արվեստային նոր լեզու, որն ունակ կլինի մեկնելու օրօրի անհեթեթ ու դաժան դարձող աշխարհի իրավիճակը։
Այս անգամ դպրոցի ծրագիրը կմշակի ուսուցողական խաղի* սցենարը՝ հիմնվելով արտակարգ իրավիճակների ընդհանրական բառարանի կազմման ընթացքի վրա։ Մենք նախատեսում ենք կիրառել բազմաթիվ լեզուներով և թարգմանություններով տեքստ գրելու հավաքական պրակտիկա՝ օգտագործելով ստվերների թատրոնին հատուկ մեթոդը, և դպրոցի բոլոր մասնակիցներին խրախուսելու ենք համամասնակիցը դառնալ խմբային ցուցահանդեսի, որը կիրականացվի և կզարգանա դպրոցի ծրագրին զուգընթաց:
Ի՞նչ կարող եք սովորել այս ծրագրում:
- ստեղծել արվեստ՝ գտնվելով կոլեկտիվ փոխազդեցության մեջ,
- մենթորների և համադրողների հետ մշակել ձեր ցուցահանդեսային նախագիծը և ցուցադրել այն Ժամանակակից Արվեստի Ինստիտուտում 2023 թվականի դեկտեմբերին,
- բաց լինել իմպրովիզացիայի համար,
- խորանալ էկոլոգիայի, նորոգման և աղետների փիլիսոփայության և շատ ավելի պատմությունների և տարբեր խոսույթների մեջ,
- զարգացնել ձեր կատարողական հմտությունները և հասկանալ ձեր մարմնի ունակությունները,
- զարգացնել ձեր գրելու հմտությունները` ծանոթանալով թեմայի վերաբերյալ բառապաշարին,
- կիսել տարածք, ժամանակ, հաց և գինի. ներգրավվել փերֆորմանսի ստեղծմանը՝ փորձառու և ճանաչված ռեժիսորի և պարուսույցի մասնակցությամբ
+++++
Դիմել կարող եք մինչև հոկտեմբերի 30-ը՝ լրացնելով հայտն այստեղ՝
Նոյեմբերին և դեկտեմբերին կայանալիք երկու մոդուլներին մասնակցելը պարտադիր է։
Մասնակցիների ընտրությունը կկատարվի միջազգային համադրողների խմբի կողմից։ Ծրագրին, ցավոք, կարող է մասնակցել ընդամենը 21 հոգի, սակայն դպրոցի ընդլայնված հանրային ծրագիրը բաց կլինի բոլորի համար։
++++
*Ուսուցողկան խաղի մեթոդի մասին.
Ուսուցողական խաղի մեթոդը բխում է “Lehrstücke”-ի պրակտիկայից, որի տեսական հիմքերը դրել է Բերտոլդ Բրեխտը, և հետագայում այն զարգացում է ապրել ֆորումային թատրոնի տարբեր պրակտիկաներում։ Այս մեթոդը հիմնված է երկխոսության մեջ դիրքավորվելու և որոշակի խնդիրներին վերաբերող այլ դիրքորոշումների հետ հակադրության մեջ մտնելուն: Առաջարկում ենք նաև, միտքն արտահայտելու համար չհիմնվել միայն բանավոր խոսքի վրա, այլ փորձել ներկայացնել սեփական դիրքորոշումը մարմնի լեզվի, շարժումների և այլոց մարմինների հետ փոխազդեցությունների միջոցով։ Մենք նաև առաջարկում ենք, որ դպրոցի մասնակիցները կարողանան ստեղծել իրենց բառապաշարը ChatGPT արհեստական ինտելեկտի ծրագրի հետ քննադատական փոխազդեցությամբ: