Ինչպե՞ս գոյատևել որպես սկսնակ արվեստագետ
Ժամանակակից արվեստի ինստիտուտը և ArtNexus-ը հայտարարում են «Ինչպե՞ս գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» ծրագրի դիմումների ընդունելությունը։
Ծրագիրը ինտենսիվ դասախոսությունների շարք է՝ ուղղված է երիտասարդ և սկսնակ արվեստագետների կարողությունների հզորացմանը։
Ծրագիրն իրականացվում է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ։
Ծրագրի տևողությունը 6 ամիս է․ 2023թ․ հուլիսից դեկտեմբեր։ Ծրագրին մասնակցությունը անվճար է։
Դիմելու վերջնաժամկետն է 2023թ․ հունիսի 23-ը։
Ծրագրի մասին
Ծրագիրը ծնվել է երիտասարդ արվեստագետների՝ տարբեր առիթներով մեզ ուղղված հարցերից․
-
Ինչի՞ց սկսել
-
Ինչպե՞ս ստեղծել պորտֆոլիո
-
Ինչպե՞ս ինքնակրթվել
-
Ինչպե՞ս համագործակցել ցուցասրահների հետ
-
Ինչու՞ է պետք աշխատել համադրողի հետ
-
Ինչպե՞ս մասնակցել միջազգային ցուցահանդեսների և արվեստի կացարանների ծրագրերի
-
Ինչպե՞ս ստանալ դրամաշնորհներ
-
Ինչպե՞ս ճանաչում ձեռք բերել
Եթե ձեզ նույնպես հուզում են այս հարցերը, ապա դիմե՛ք այս ծրագրին, որի ընթացքում դուք ավելի լավ կճանաչեք ձեզ և ձեր արվեստը, կսովորեք ձեզ ճիշտ ներկայացնել, կհղկեք ձեր պորտֆոլիոն, կստեղծեք մասնագիտական ծանոթությունների ցանց և ամենակարևորը՝ ծրագրի մյուս մասնակիցների հետ համատեղ կիրագործեք ավարտական խմբային նախագծեր փորձառու կուրատորների հետ համագործակցությամբ։
Ինչո՞վ է առանձնանում այս ծրագիրը
Թեև այս ծրագրի շրջանակում մասնակիցները կստանան ցանկացած ստեղծարար ոլորտում կիրառելի գիտելիքներ, մենք հատկապես շեշտադրում ենք տեսողական (վիզուալ) արվեստի ոլորտը իր տարբեր հոսքերով և ենթաժանրերով։ Ուստի, ընտրության հարցում նախապատվությունը կտրվի վիզուալ արտիստներին։
Երկրորդ կարևոր հանգամանքը այն է, որ ծրագիրը լեցուն է և ընդգրկում է արվեստի աշխատանքի կազմակերպման, հաղորդակցության, մարքեթինգի, ինքնաներկայացման, արվեստի շուկայի թրենդերի և այլ գործընթացների վերաբերյալ դասընթացներ, միաժամանակ մեծ ուշադրություն հատկացնելով արվեստագետների, կուրատորների և արվեստի մենեջերների հետ համագործակցության և գործառույթների վերաբաշխման հմտություններին։
Ո՞վ կարող է դիմել
Ծրագրին կարող են դիմել մասնագիտական գործունեության վաղ շրջանում գտնվող 18-ից 30 տարեկան արվեստագետներ ՀՀ-ից։ Նախընտրությունը տրվում է տեսողական (վիզուալ) արվեստագետներին։
Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է։ Միջազգային դասախոսությունների ընթացքում կտրամադրվի համաժամանակյա թարգմանություն։
Ի՞նչ ակնկալել ծրագրից
Ծրագրի մասնակիցները կընկղմվեն ժամանակակից արվեստի աշխարհ, կծանոթանան հայաստանյան և համաշխարհային արվեստի դաշտում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին, թրենդերին, արվեստի վաճառքի առցանց և անցանց հարթակներին և արվեստի շուկայի ներքին կանոններին։ Դասընթացները կվարեն Հայաստանից և արտերկրից մի շարք անվանի մասնագետներ՝ արվեստի մենեջերներ, տեսաբաններ, համադրողներ և հարակից ոլորտների փորձագետներ։
Ծրագրի կարևոր գործնական նպատակներից է մասնակիցներին տրամադրել գիտելիքներ ստեղծագործ արտադրության բոլոր փուլերի մասին՝
-
Արվեստագետի ինքնաճանաչում և իր ուղերձի ձևակերպում,
-
Ինքնաներկայացում և պորտֆոլիոյի կառուցում,
-
Հաղորդակցություն և տեսանելիություն,
-
Մասնագիտական ոլորտում դիրքավորում,
-
Համագործակցություն, մասնագիտական կապերի ստեղծում,
-
Աշխատանք համադրողների և ցուցասրահների հետ,
-
Միջազգային կապեր, դրամաշնորհներ և այլ հնարավորություններ։
Ծրագրի ավարտին դուք կունենաք ձեր ճանաչելի դիմագիծը իբրև արվեստագետ, գրագետ կազմված պորտֆոլիո, անհրաժեշտ գիտելիքներ արվեստի ոլորտի մարքեթինգի ասպարեզում, հաղորդակցության գործնական հմտություններ, բազում մասնագիտական կապեր և իրագործված ավարտական նախագիծ։
Դասընթացները կանցկացվեն Ժամանակակից արեվստի ինստիտուտում (Ավետ Ավետիսյան 47). Դսընթացների մի մասը կանցկացվի առցանց:
ՀՀ մարզերից ընտրված մասնակիցներին կտրամադրվի ճանապարհածախս հոգալու կրթաթոշակ։
Դիմելու համար լրացրեք այս հարցաշարը։
Հարցաշարին կցվող փաստաթղթերի ցանկը`
-
Ինքնակենսագրական (ռեզյումե);
-
Պորտֆոլիո (կարող է ներկայացվել նաև առցանց Behance, Dribble, Instagram կամ այլ համապատասխան հարթակներում):
Ծրագրի մասնակիցներն ընտրվելու են այդ նպատակով ձևավորված Ընտրող հանձնաժողովի կողմից։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն արդյունքների մասին մինչև հուլիսի 1-ը։
Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք կապ հաստատել ծրագրի համակարգող Աշոտ Փափազյանի հետ [email protected] էլ․փոստի հասցեով կամ +374 98 96 67 52 հեռախոսահամարով։
ԺԱԻ–ի մասին
ԺԱԻ–ն ժամանակակից արվեստի ոլորտում նախագծերի ձևորման և արտադրման բաց հարթակ/կենտրոն/խառնարան է։ ԺԱԻ–ին խթանում/նպաստում է Հայաստանում արվեստի տնտեսության զարգացմանը, ձևավորում և իրականացնում է արվեստի հավաքածուների, ցուցահանդեսների, արխիվացման և տարածման հետ կապված նախագծեր, նաև վարում է կուրատորական գործունեության, տեսության և արվեստի ոլորտում հետազոտություններ։ Իբրև անձերի և գաղափարների միջգործառնական ցանց, ԺԱԻ դպրոցը, նախագծերի և հետազոտությունների լաբորատորիաները առաջարկում են ռեսուրսներ, տեխնիկակական հարմարույուններ/պայմաններ և գործիքներ հայկական արվեստի դաշտում և ավելի լայն համաշխարհային համատեքստում գործելու և մտածելու համար։
Կայք | ԺԱԻ Instagram | ԺԱԻ Facebook
ArtNexus–ի մասին
ArtNexus-ը Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող միջազգային ծրագիր է՝ ուղղված ստեղծագործական ազատության, մշակութային ոլորտի զարգացման եւ ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը։
Ավելին կարդացեք ArtNexus ծրագրի մասին հետևյալ հղումներով․
ArtNexus in English | ArtNexus on Instagram | ArtNexus on Facebook