Երկխոսություն և խոցելիություն։ Հարցազրույց Արաքս Սահակյանի հետ

«Ինչպե՞ս գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» ծրագրի վերջին դասընթացը վստահաբար կհիշվի մասնակիցների կողմից։ Իր երկօրյա աշխատարանի ընթացքում Արաքս Սահակյանը (բազմաբնագավառային արվեստագետ, Ֆրանսիա) կիսվեց մասնակիցների հետ «Արվեստագետի «առաջին օգնության հավաքածու»-ով՝ հիմնվելով դերասանական վարպետության, պարի և երգի իր հմտությունների վրա։ Այս հարցազրույցում Արաքսը ներկայացնում է իր աշխատարան վարելու մոտեցումները և պատմում  «Սահմանագծային զարդանախշեր» խմբային ցուցադրության մասին, որը համատեղ համադրել է Երևանի Ժողովրդական արվեստների թանգարանում։

Ինչի՞ց էր բաղկացած Արվեստագետի «առաջին օգնության հավաքածուն»։ 

Արաքս Սահակյան - Աշխատարանի առաջին մասի ընթացքում ես և մասնակիցները աշխատեցինք մարմնի առկայության վրա խմբային պարի, տարբեր վարժությունների և երաժշտության միջոցով։ Ես սովորաբար սկսում եմ իմ աշխատարանը դրանով, քանի որ խնդիրներից մեկը, որին բախվում են երիտասարդ արտիստները այն է, որ նրանք եռում են գաղափարներով, բայց իրականում «օդերով են» և չգիտեն, թե իրականում ինչ են ուզում անել: Ինձ համար շատ կարևոր է, որ արվեստագետները, և ընդհանրապես մարդիկ, ավելի լավ հասկանան, թե ինչ է կատարվում իրենց մարմնում, որպեսզի կարողանան համապատասխան որոշումներ կայացնել իրական կյանքում: Երբ արվեստագետը ուսումնասիրում է իր մարմինը և բացահայտում իր թույլ կամ ուժեղ կողմերը, նա կարող է ավելի լավ պաշտպանել իրեն և խորանալ ստեղծագործական գործընթացներում։

Աշխատարանի երկրորդ մասում մենք աշխատեցինք երեք հոգանոց խմբերով։ Յուրաքանչյուր մասնակից խոսում էր իր աշխատանքի մասին, մինչ երկուսը լսում էին և նշումներ անում: Դրանից հետո երկու մասնակիցները առաջին դեմքով վերապատմում էին առաջին մասնակցի ասածը։ Սա «հայելային վարժություն» է։ Քանի որ արվեստագետները շատ խոցելի են (դրա համար էլ նրանցից շատերը արվեստով են զբաղվում), երբեմն դժվար է նրանց երեսին ասել ճշմարտությունը: Բայց երբ անում ես դա ուրիշի միջոցով, ավելի հեշտ է: Իսկ ներկայացնելով ուրիշի աշխատանքը՝ «լսող» մասնակիցները սովորում են նաև ներկայացնել սեփական աշխատանքը։

Աշխատարանից առաջ դու մասնակիցներին ասել էիր, որ ուղարկեն կարճ տեսանյութ, որտեղ պետք է ներկայացնեին իրենց աշխատանքները և քննարկեին իրենց ստեղծագործական ճգնաժամը։ Ո՞րն էր այս վարժության նպատակը։

Ա․ Ս․ - Այս կարճ տեսանյութերը լավ միջոց են ինձ համար հասկանալու նրանց ստեղծագործական գործընթացը և թե ով են նրանք։ Դու կարող ես ընդհանուր առմամբ հասկանալ մեկին՝ լսելով, թե ինչ է նա ասում և ինչ չի ասում: 
Իհարկե, սա խմբային աշխատարան  է, բայց յուրաքանչյուր մասնակից տարբեր է: Արվեստագետները շատ խոցելի են, և ես պետք է հասկանամ, թե ինչպես եմ աշխատելու նրանցից յուրաքանչյուրի հետ անձնական մակարդակով: Աշխատարանի ընթացքում մենք դիտեցինք յուրաքանչյուր մասնակցի տեսանյութը, և քննարկեցինք արվեստի գործերի, բանավոր ներկայացման և կարճ տեսանյութի միջև առաջացող տարբերությունները: Մյուս պատճառը այս վարժությունն անելու այն է, որ հիմա արվեստի հաստատությունները հաճախ կարճ տեսանյութեր են պահանջում դիմումների մեջ: Արվեստագետներին կարող են խնդրել ձայնագրել հարցի պատասխանը կամ երկու րոպեանոց պրեզենտացիա ներկայացնել Zoom հանդիպման ընթացքում: Մեր աշխատարանի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան սխալվելու և բացվելու: Այս փոքրիկ վարժությունից հետո նրանք ավելի լավ կիմանան, թե որքան կարող են բացվել և ինչ ասելիք ունեն:

Այս աշխատարանը առաջին անգամ էիր վարում Հայաստանում։ Ի՞նչ ձեռք բերեցիր մասնակցիների հետ հարաբերվելու ընթացքում։

Ա․ Ս․ - Որոշ ուսանողներ ավելի փակ են, քան մյուսները․ գուցե ավելի շատ, քան Եվրոպայում: Հայաստանում կան տարբեր տեսակի խնդիրներ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մարմնին, և թե ինչպես պետք է աղջիկները կամ տղաները իրենց պահեն։ Աշխարհի ցանկացած կետում խոցելիություն ցուցաբերելը միշտ էլ մարտահրավեր է: Բայց դանդաղորեն աշխատելով, հասկանալով և բացատրելով՝ մենք սովորաբար հասնում ենք դրան: Ահա թե ինչու է կարևոր աշխատել որպես փակ խումբ, առանց արտաքին հայացքների: Երբ մասնակիցը տեսնում է, որ մյուսը բացվում է, նա ավելի քիչ է վախենում բացվել, քանի որ այդ դեպքում նա տեսնում է, որ վախենալու բան չկա: Սա կոլեկտիվ վարակ է, անհատական կողմնակի ազդեցություններով։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե մենք ապահով տարածք ստեղծենք մասնակիցների համար։

Ի՞նչ խորհուրդ կտաս Հայաստանում ապրող սկսնակ արվեստագետներին։

Ա․ Ս․ - Իմ աշխատարաններում ես սովորաբար տալիս եմ չորս հիմնական խորհուրդ երիտասարդ արվեստագետներին՝ աշխատեք այն ամենի հետ, ինչ կա, խոսեք այն մասին, ինչ գիտեք, թույլ տվեք ձեզ զարմանալ և ուսումնասիրեք բաներ, որոնք դուրս են ձեր հետաքրքրությունների շրջանակից, օրինակ՝ խոսել ֆիզիկոսի հետ, գնալ ձկնորսության և այլն: Սա լավ միջոց է սեփական իրականությունը ավելի լավ հասկանալու համար: Եթե ​​մնաք ձեր հարմարավետության գոտում, ապա ավելի դժվար կլինի ձեր իրականությանը թարմ հայացքով նայել: Եթե ​​մեկ նախադասությամբ ամփոփեմ մոտեցումս, կասեմ, որ արվեստագետը պետք է էշի պես լինի։ Դուք պետք է դանդաղ առաջադիմեք՝ միաժամանակ լսելով բոլորին, ովքեր ձեր ճանապարհին են և որոշեք ձեզ համար ինչն եք ձեզ հետ վերցնում և ինչը թողնում։ Իհարկե դուք կարող եք նաև շատ արագ գնալ, ինչպես ձին, բայց ամեն ինչ կարող է դուրս գալ վերահսկողությունից: Երբ դանդաղ ես գնում, նույնիսկ եթե սխալվում ես, դեռ ժամանակ ունես ինքդ քեզ ուղղելու։ Ու ժամանակ ունես նաև որ հետաքրքրվես այլ բաներով՝ չկորցնելով քո էությունը։

Մի քանի խոսք «Սահմանագծային զարդանախշեր» ցուցահանդեսի հղացքի մասին։

Ա․ Ս․ - Տարիների ընթացքում ես ստեղծել եմ բազմաթիվ գործեր՝ օգտագործելով գորգագործության տեխնիկան։ Ինձ համար հետաքրքիր է վերակենդանացնել այս հին տեխնիկան և հարմարեցնել այն  ժամանակակից արվեստին: Քանի որ ես ճանաչում էի մի քանի արվեստագետների, ովքեր աշխատում են տեքստիլի, գորգերի և զարդանախշերի հետ, որոշեցի կազմակերպել այս ցուցահանդեսը՝ համագործակցելով Իրենա Պոպիաշվիլիի* հետ: Իրականում սա առաջին անգամն է, որ աշխատում եմ որպես համադրող։ Ահա թե ինչու եմ ես ինձ անվանում «պատահաբար համադրող»։ Հղացքը առաջնորդվում է տարբեր գաղափարներով: Առաջին հերթին ես ուզում էի, որ մարդիկ այցելեն Երևանի Ժողովրդական արվեստների թանգարան, որ կարողանան հասկանալ և՛ հին ստեղծագործությունները, և՛ գնահատել նորերը: Բացի այդ, ցուցադրված արվեստագետների մեծ մասը առաջին անգամ էր Հայաստան այցելել և այդպիսով հնարավորություն ունեցել շփվելու տեղի արվեստագետների հետ: 

Ինձ համար երկխոսությունը շատ կարևոր է։ Կարծում եմ՝ մեր խնդիրները՝ լինեն անհատական, ընտանեկան, թե նույնիսկ հանրային, հիմնականում բխում են «կոտրված երկխոսություններից»:  Ահա թե ինչու ինձ համար կարևոր է խոսել տարբեր ծագում ունեցող մարդկանց հետ:Կա քո արվեստի վրա աշխատելու ժամանակ, բայց նաև կա երկխոսության ժամանակ։ Ձեր ստեղծագործությունների վրա աշխատելու և կենտրոնանալու ժամանակ կա, բայց նաև կա երկխոսության ժամանակ: Եվ երկխոսություն ասելով ես նկատի չունեմ միայն բառերով խոսելը. երկխոսությունը կարող է լինել ցուցահանդեսի գնալը, երաժշտություն լսելը կամ համերգի գնալը:

Հարցազրույցը անցակվել է հայերեն և թարգմանվել անգլերեն Աշոտ Փափազյանի կողմից

*Իրենա Պոպիաշվիլին անկախ համադրող է, Թբիլիսիի Kunsthalle-ի հիմնադիր և Թբիլիսիի ազատ համալսարանի Վիզուալ արվեստի, ճարտարապետության և դիզայնի բաժնի դեկան։ Ինչպես Արաքս Սահակյանը, նա նույնպես վարել է աշխատարան «Ինչպե՞ս գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» ծրագրի շրջանակներում։

«Սահմանագծային զարդանախշեր» ցուցահանդեսը բաց է մինչև նոյեմբերի 20-ը, 2023։ Մանրամասները՝ այստեղ։

Լուսանկարը՝ Լոլիտա Սիա-Գույլերայի