Ընդունելություն։ արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոց
Ուրախ ենք հայտնելու, որ հնգամյա ընդմիջումից հետո իր դռներն է վերաբացում, Արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոցը՝ հայտարարելով է 2024-2026 ուսումնական տարվա ընդունելություն։
Բոլոր նրանց, որոնք հետաքրքրված են և ցանկանում են գիտելիք ու հմտություններ ձեռք բերել արվեստի պրակտիկ քննադատության և կուրատորական պրակտիկայի ոլորտներում՝ և հատկապես նրանց, որոնք երկար ժամանակ է ինչ սպասում էին մեր այս հայտարարությանը՝ ուզում ենք հայտնել, ահա՜, եկել է այդ հարցով մեզ դիմելու այդ պահը։
Բոլոր դիմորդները, ինչ խոսք, պետք է ունենան բարձրագույն կրթություն, ազատորեն կարդան ու հասկանան անգլերեն, բայց նախապատվությունը կտրվի հատկապես նրանց, ովքեր սովորել են կերպարվեստի տարբեր ոլորտներում, և առնվազն ունեն արվեստի պատմության կամ մշակույթի եւ հումանիտար մասնագիտությունների գծով բակալավրիատի աստիճան։
Շտապեք՝ տեղերը սահմանափակ են։
Ձեր դիմումին մաղթելով հաջող ընթացք՝ ցանկանում ենք նաև հիշեցնել․ Դիմումների փաթեթները ընդունվում են մինչև ս.թ. Հոկտեմբերի 1-ը:
Ուսումնասիրության առարկայի նկարագրությունը
Արվեստի քննադատը և ցուցահանդեսի համադրողը (կուրատոր), զբաղեցնելով հանդերձ պրոֆեսիոնալ գործունեության նույն խոռոչը, — երկուսն էլ գտնվում են արվեստագետի և հասարակության արանքում — լինելով ներգրավված կատարողակն նույն դերի մեջ,— երկուսի գործն էլ ներկայացնելն է, մեկնաբանելը և բացատրելը — շարունակում են մնալ, այնուամենայնիվ, ժամանակակից արվեստի դաշտի առանձին գործորդներ։ Արվեստի քննադատի միջամտությունը արվեստի գործին հեռավար է․ դրան մասնակցում է միայն իր հայացքը։ Ուստիև իր գործունեության բնույթը ամբողջովին գրական է։ Նրա հիմնական գործիքը գրիչն է, բառը և խոսքը։ Այնինչ համադրողի դեպքում, որքան էլ որ վերջինս անկարող է ամբողջովին հրաժարվել գրիչից, գրավոր ու բանավոր խոսքից, — հատկապես երբ խոսքը գաղափարը հղացքի վերածելու մասին է, — նրա միջամտությունը այնուամենայնիվ շատ ավելի ժեստային է, և պլաստիկական։ Լինելով ֆիզիկական ու նյութական՝ այդ միջամտությունը հավասար չափով տնտեսական է, հատկապես՝ կառավարչական, քանի որ ենթադրում է նախևառաջ պլանավորում, այլազան միջոցների հայթայթում, իրացում և այլն։ Նրա ծավալած գործունեությունը նաև հաղորդակցական է(մամուլի տարատեսակ հաղորդագրություններ, նամակագրություն, բանակցություններ և այլն), ոչ պակաս չափով նաև նախագծա-ճարտարապետական է(քանի որ ենթադրում է տարածածավալային բաժանումներ, արվեստի գործերի դասդասում, բաշխում և ցուցադրության կառուցում)։ Այս տարբերություններով հանդերձ արվեստի քննադատի և համադրողի գործունեության ազգակցական կապը անառարկելի է՝ այն ոչ միայն սոցիոլոգիական է, կամ գործառնական (ֆունկցիոնալ), այլև գործողութենական (օպերացիոնալ) է: Խոսքը արվեստագետի և արվեստի գործի ընտրություն (գնահատման գործողության) կատարելու մասին է, որը և՜ արվեստի քննադատի և՜ համադրողի մոտ կարող է լինել ամենատարբեր, բայց միշտ անձնական։
Ծրագրի ընդհանուր բովանդակությունը
Ուսումնական ծրագրի հիմքում ընկած են ուսումնասիրության առարկայի վերոնշյալ առաձնահատկությունները։ Ուստիև այն կառուցված է արվեստագիտական տարբեր բնագավառների — հայ և համաշխարհային արվեստի պատմություններ, ժամանակակից արվեստի տեսություններ, Ճարտարապետական գաղափարների պատմություն, պատկերի և նշանի վերլուծության մեթոդներ — ինչպես նաև մշակութային և հումանիտար ուսումնասիրությունների և փիլիսոփայության դասավանդման տարրերից։ Երկու տարվա ընթացքում ուսանողները ոչ միայն կհետևեն տարբեր տևողությամբ դասընթացների, այլև սեմինարների, գործնական պարապմունքների միջոցով ձեռք կբերեն գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ այն պաշարը, որը ապագա մասնագետներին թույլ կտա գործունեություն ծավալել մեկ կամ մյուս ոլորտում։ Այս արդյունքի մեջ, ինչ խոսք, առանձնահատուկ մի բաժին կընկի ավարտական աշխատանքին, որի գաղափարը, սրա հիման վրա՝ խմբային քննարկումների և աշխատանքի միջոցով նախագծի մշակումը և իրականացումը հնարավոր կդառնա ուսումնական երկրորդ տարվա ընթացքում։
Ընդունելության կարգը եւ պայմանները
Ծրագիրը հետաքրքրվողներին առաջարկում է գրանցման ու մասնակցության երկու կարգավիճակ՝
Ուսանող
Նրանք ովքեր ցանկանում են դառնալ ուսանող, պետք է [email protected] հասցեին ուղարկեն կենսագրություն եւ մոտիվացիոն նամակ, «նամակի թեմա» դաշտում նշելով «Արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոց»։
Ուսման տարեկան վարձը 250 000 դրամ է։ Ուսումառությունը շարունակությունը ուսման երկրորդ տարում պայմանավորված է առաջին տարվա ընթացքում ուսանողի գրանցած առաջադիմությունից և դասերին հաճախելու պարտաճանաչությունից։ Ավարտական աշխատանքի ընթացքում ուսանողը կարող է ստանալ նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ գումարի, ինչպես նաեւ պարգևավճարի հնարավորություն։ Հանդիպումները լինելու են շաբաթական երեք անգամ՝ երեկոյան ժամերի։
Ունկնդիր
Նրանք ովքեր ցանկանում են հետևել միայն դասընթացներից որեւէ մեկին, կարող են գրանցվել իբրև պարտավորություններ չունեցող ունկընդիր։ Դասընթացի համար վարձավճարի չափը ունկնդրի համար կախված կլինի տվյալ դասընթացի տևողությունից՝ տատանվելով գնային հետևյալ սանդղակում։
- Կարճատև դասընթացը (շաբաթը մեկ անգամ, երկու ամիս տևողությամբ) - 40 000 դրամ
- Միջին տևողությամբ դասընթացը (շաբաթը մեկ անգամ, չորսուկես ամիս տևողությամբ) - 60 000 դրա
- Երկարատև (շաբաթը մեկ անգամ, ինը ամիս տևողությամբ) դասընթացը - 90 000 դրամ