Կատարսիս տեսանելի աշխարհի և անհայտի միջև: Հարցազրույց Գիլ եվ Ուրի Բեխերի հետ
![](thumbs/808x420/media/2023/05/556.jpg)
Այս տարի ԱՐԷ կատարողական արվեստի փառատոնը հյուրընկալեց հիանալի դուետ՝ Գիլ և Ուրի Բեխերներին Իսրայելից: Գիլը բազմապրոֆիլ դերասան և արտիստ է։ Լիզա Յակոբսոնի հետ հանդիսանում է Իսրայելի ամենահին փողոցային թատերական ընկերության՝ Արմա թատրոնի համահիմնադիրը: Նրա որդին՝ Ուրին, աշխատում է կինոարվեստի և երաժշտական արտադրության բնագավառում։ Նրանք միասին ներկայացրեցին «Ծեսեր հանրային տարածքների համար»՝ բանաստեղծական պերֆորմանս՝ հարաբերվելով հանդիսատեսի և «ՀայԱրտ» ցուցահանդեսային տարածքի հետ:
Ինչպե՞ս եք ծանոթացել Հայաստանի ու ԱՐԷ փառատոնի հետ։
Գիլ Բեխեր – Ամեն ինչ սկսվեց 2016 թվականին, երբ Մարինեն մասնակիցներ էր փնտրում ԱՐԷ փառատոնի «Դադա 100+» թողարկման համար: Համացանցում փնտրելիս նա հանդիպեց մեր արվեստագետների գյուղին՝ Էյն Հոդին, որտեղ 1950-ականներին հաստատվել էր Մարսել Յանկոն՝ Դադա շարժման հիմնադիրներից մեկը այլ արվեստագետների հետ միասին։ Այն ժամանակ ես և ընտանիքս նոր էինք վերադարձել Ֆրանսիայի հարավում եռամյա residency-ից, և անմիջապես այն բանից հետո, երբ Մարինեն կապ հաստատեց մեզ հետ, ես և կինս՝ Լիզան, արդեն Երևանի ճանապարհին էինք: Փառատոնի փոխանակման ծրագրի շրջանակում Մարինեն և Նազարեթը նույնպես եկան Իսրայել, և մեր գյուղի արվեստագետները 2018-ի Թավշյա հեղափոխության ժամանակ ցուցադրվեցին Երևանում։
Գիլ Բեխերի պերֆորմանսը․ «Ծեսեր հանրային տարածքների համար», ԱՐԷ փառատոն
Ինչպե՞ս մշակեցիք «Ծեսեր հանրային տարածքների համար» հղացքը:
Ուրի Բեխեր – Գաղափարն առաջացել էր 2019 թվականին, երբ Գիլը Դյուսելդորֆի արվեստագետների կացարանում էր, որտեղ նա ստեղծում էր զգեստներ, գլխարկներ և տարբեր տեսակի առարկաներ: Նա սկսեց ելույթ ունենալ արդյունաբերական և արտասովոր վայրերում, և լուսանկարիչ ընկերոջ՝ Յոզեֆ Շուլցի օգնությամբ նրանք նկարահանեցին հետաքրքիր տեսանյութեր։ Երբ Գիլը վերադարձավ Գերմանիայից, նա ինձ հանձնեց նյութը, և մենք այն վերածեցինք ութ րոպեանոց տեսահոլովակի, որը ցուցադրվեց 2019 թվականին ԱՐԷ փառատոնում: Երբ Մարինեն մեզ հրավիրեց այս անգամ, մենք մտածեցինք, որ իրականում կարող ենք պերֆորմանսը տեղում կատարել: Ես ինձ հետ բերել էի կադրեր և ձայնագրված ձայներ, բայց վերջնական video art-ը և ձայնային պատկերը ավարտվեցի այստեղ՝ Նեսթ կացարանում:
Գիլ Բեխեր – Այս հղացքը մշակելուց ի վեր՝ ես ստեղծել և ցուցադրել եմ պերֆորմանսներ տարբեր հատուկ նախագծերի ընթացքում: Սա պատրաստի պերֆորմանս չէ, որտեղ դու գալիս ես, բացում քո ճամպրուկը և ներկայացնում: Ամեն անգամ տարբեր է. ես ոգեշնչվում եմ տարբեր մարդկանցից, տարբեր նյութերից, տարածքից, եղանակից։ Դա նման է առանց որևէ պատրաստվածության տեղում ստեղծագործելուն: Ինձ վրա մեծ ազդեցություն է թողել ժամանակակից թատրոնի մարգարե Անտոնեն Արտոն, ով ասում էր, որ եթե դերասանը բեմ է բարձրանում նույն շարժումը կատարելու և նույն տողերը մատուցելու համար, նրա բեմադրությունն արդեն մեռած արվեստ է։ Փողոցային թատրոնում չես կարող գալ ինչ-որ ֆիքսված բանով. դու պետք է աշխատես այն ամենի հետ, ինչը քեզ շրջապատում է, և ներառես այն քո ներկայացման մեջ: Սա բազմամասնագիտական և բազմաչափ պրակտիկա է:
Գիլ Բեխերի պերֆորմանսը․ «Ծեսեր հանրային տարածքների համար», ԱՐԷ փառատոն
Ներկայացման նկարագրության մեջ դուք ընդգծում եք «արտիստների դերը՝ որպես շամաններ»։ Կպատմե՞ք ավելին ձեր աշխատանքի այս հարթության մասին:
Գիլ Բեխեր – Ինձ համար դերասանը նման է շամանի, ով խաղում է հանդիսատեսի, տարածության էներգիայի հետ և ինչ-որ կատարսիս է ստեղծում տեսանելի աշխարհի և անհայտի միջև: Դա շատ հոգևոր կապ է: Երբ երեխան և նրա տատիկը միասին դիտում են պերֆորմանսը, նրանց երևակայությունը իրենց տանում է տարբեր վայրեր: Ահա թե ինչ է նշանակում արվեստը և թատրոնը. բացել երևակայությունը և խոսել քո անգիտակցականի հետ:
Ուրի Բեխեր – Ավանդական թատրոնում ես հաճախ եմ զգում, որ հղացքը գերիշխում է ներկայացման վրա: Դերասանները կարծես խրված են իրենց հղացքում կամ տեքստում, որը քիչ տեղ է թողնում շարժման կամ իմպրովիզի համար: Մեր ներկայացման մեջ մենք հակված ենք հանձնվելու պահի գեղեցկությանը, որպեսզի կարողանանք մեզ բաց թողնել և հավատարիմ մնալ հանդիսատեսին:
«Ծեսեր հանրային տարածքների համար», ԱՐԷ փառատոն
Պատմեք ավելին այն մասին, թե ինչպես եք նախագծել ձայնային պատկերը եվ զգեստները։
Ուրի Բեխեր – Ես սովորաբար երաժշտություն չեմ ստեղծում պերֆորմանսների համար, այլ ստեղծում եմ իմ վավերագրական ֆիլմերի և աբստրակտ ստեղծագործությունների համար՝ հիմնականում էլեկտրոնային երաժշտություն կամ ձայնային պատկերներ: Այս պերֆորմանսի համար ես մի քանի դաշտային ձայնագրություններ էի արել իմ տան մոտ՝ տարբեր տեսակի բնական երանգներ ներկայացնելու համար, և ես նաև ձայներ էի հավաքել համացանցից: Իմ նախագծած ձայնային պատկերը նվագարկվում է կենդանի կատարմամբ, ինչը նշանակում է, որ ես այն հարմարեցնում եմ պահի ոգուն, որպեսզի յուրաքանչյուր պերֆորմանս ունենա յուրահատուկ մթնոլորտ և տարբեր ելևէջներ:
Ժիլ Բեխեր – Ես Ժակ Լըկոքյի մեթոդի ուսանող եմ, որն ասում է, որ դերասանը կարող է լինել և՛ զգեստների դիզայներ, և՛ ճարտարապետ, և՛ բանաստեղծ, ուստի ես սովոր եմ ստեղծել իմ զգեստներն ու աքսեսուարները՝ հատկապես գլխարկները: Փարիզում սովորել եմ գլխարկների և դիմակների ձևավորում, սովորել եմ 15-16-րդ դարերի ավանդական գլխարկներ պատրաստել: Սա օգնեց ինձ սովորել հիմունքները, և ապա սկսեցի զարգացնել իմ սեփական ոճը՝ օգտագործելով անսովոր նյութեր: Սա «աղքատ թատրոնի» մոտեցումն է, ինչպես ես եմ ասում, բայց իրականում «հարուստ թատրոն» է։ Դա ապրելակերպ է: Քանի որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ չունենք անհրաժեշտ նյութերը, մենք պետք է «հորինենք» այն և վերածենք արվեստի գործի։
Հարցազրույցը՝ Աշոտ Փափազյանի